Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Հովհաննավանքը՝ ստրատեգիական դուռ

Հովհաննավանքը՝ ստրատեգիական դուռ
23.12.2025 | 14:15

Արձագանքում ենք, ռեակցիա ենք տալիս, սպասում հաջորդ կիրակիին: Ջղաձգվում ենք ադրբեջանական բենզինից, իշխանության մարտահրավերներից, մշակութային գործիչ կոչեցյալների բարոյական և արժեքային ստորոտներում քոչելու մակարդակից, Մայր Աթոռի դուռը ջարդողներից, մանր ու խոշոր չինովնիկների վարքից, բարքից, խոսքից, բնույթով ավտորիտարացող , բայց ժողովրդավար խաղացող իշխանությունից և սպասում. սպասում հերթական հարձակման, սպասում հերթական խզման արարին, հերթական ասպատակությանը, հերթական կիրակիին:

Ամեն բան սկսվում է ճիշտ որակումից: ՀԱԵ-ի դեմ կատարվողը վաղուց արշավ չէ, այլ՝ հալածանք, ծրագրավորված ՀԱԼԱԾԱՆՔ: Անհրաժեշտ է տակտիկայից անցնել ստրատեգիայի: Տակտիկան և ստրատեգիան տարբերակվում են ոչ միայն ժամանակային հորիզոնով, այլև՝ քաղաքական ենթագիտակցությամբ ու կամքի աստիճանով։ Տակտիկան արձագանք է, ստրատեգիան՝ օրակարգ։ Տակտիկան պաշտպանում է տվյալ կետը, ստրատեգիան փոխում է խաղի դաշտը, փոխում է խաղի կանոնները և ուժերի հարաբերակցությունը։

Դեկտեմբերի 18-ի Մայր Աթոռի պաշտպանությունը տակտիկական էր՝ անհրաժեշտ, պարտադիր, արդարացված և հաջողված։ Դա դիմադրություն էր, ինքնապաշտպանություն՝ ճնշման և ոտնձգության պայմաններում։ Այդ օրը, սակայն, բացահայտվեց մի շատ ավելի կարևոր ճշմարտություն՝ երբ խնդիրն անվանվում է իր իրական անունով, երբ նպատակը հստակ է, երբ տեղի է ունենում մոբիլիզացում այդ նպատակի շուրջ, լուծումը դառնում է ոչ միայն հնարավոր, այլև՝ անխուսափելի։ Սա ուժի փորձություն չէր, սա կամքի փորձություն էր և՛ իշխանության, և՛ դիմադրության համար, և նրանց ուժերի հարաբերակցությունն այլևս անէական էր: Նույնիսկ, եթե այդ օրը դիմադրողների թիվը իշխանականներից երկու անգամ պակաս լիներ՝ նրանք կրկին ձախողվելու էին, որովհետև դիմադրողների էներգիան, մոտիվացիան և հավատը անգամներով ուժեղ էր ու պինդ:

Բայց հենց այստեղ է սկսվում ստրատեգիական սահմանը, որից այն կողմ այլևս տակտիկան մտնում է ստագնացիայի փուլ։ Պաշտպանությունը, եթե դառնում է պերմանենտ վիճակ, վերածվում է սպասման։ Իսկ սպասումը քաղաքականության մեջ ամենավտանգավոր և ամենախոցելի դիրքն է։ Սպասողը միշտ ուշանում է, սպասողը միշտ խաղում է ուրիշի խաղը և ուրիշի օրակարգով։

Ստրատեգիան չի կարող կառուցվել «հերթական հարձակման սպասման» տրամաբանությամբ։ Դա նշանակում է հաշտվել ճնշման հետ, ընդունել հակառակ կողմի խաղի կանոնները և ապրել մշտական վտանգի տակ։ Այդ մոդելում նույնիսկ ամենահաջող պաշտպանությունը ժամանակավոր է, որովհետև նախաձեռնությունը մնում է մյուս կողմի ձեռքում, իսկ նախաձեռնությունը քաղաքականության մեջ ամեն ինչ է։

Նկարում Հովհաննավանքն է, և այն այստեղ պարզապես վանք չէ, պարզապես հոգևոր տարածք չէ։ Այն ստրատեգիական իմաստ ունեցող նպատակ է, արժեքային և քաղաքական հանգույց։ Դրա վերադարձը առաջանցիկ քայլ է, որը կարող է կտրել պերմանենտ պաշտպանության փակ շրջանը։ Դա անցում է պաշտպանությունից դեպի նախաձեռնություն, սպասումից դեպի օրակարգի ձևավորում, պաշտպանությունից՝ հակահարձակում: Սա հակահարձակում է ոչ թե ֆիզիկական, այլ քաղաքական, ինստիտուցիոնալ և արժեքային իմաստով և ճակատի շեղում Մայր Աթոռից, ճակատի և էպիկենտրոնի փոփոխում։

Ստրատեգիական մտածողությունը սկսվում է հենց այստեղից: Նախ՝ դրվում է նպատակն ու խնդիրը, հետո ձևավորվում քաղաքական կամքը, հանրային համախմբումը և լեգիտիմ պահանջը։ Մայր Աթոռի օրը դա արդեն ապացուցեց։ Ուստի խնդիրը ուժերի պակասը չէ։ Խնդիրը այն է, երբ նպատակները սահմանափակվում են միայն պաշտպանությամբ և չեն վերածվում առաջանցիկ օրակարգի։

Եթե Մայր Աթոռը մնա պերմանենտ պաշտպանական վիճակում, նա մշտապես լինելու է սպառնալիքի տակ, մշտապես լինելու է ասպատակության սպասման ռեժիմում։ Իսկ եթե կատարվի անցում հստակ, համարձակ և խորհրդանշական ստրատեգիայի՝ կոնկրետ նպատակներով, ապա փոխվում է խաղի ամբողջ տրամաբանությունը։ Այլևս ոչ թե դու ես սպասում հաջորդ հարձակմանը, այլ ստիպում ես հակառակ կողմին արձագանքել քո դրած խնդիրներին։

Քաղաքական պայքարում հաղթում է ոչ թե նա, ով ամենաերկարն է դիմանում հարվածներին, այլ նա, ով կարողանում է կոտրել պերմանենտ պաշտպանության հոգեբանությունը և վերածել այն նախաձեռնության։ Հովհաննավանքը հենց այդպիսի ստրատեգիական դուռ է։ Խնդիրը դնելուց հետո է լուծումը գալիս․ բայց միայն այն դեպքում, երբ այդ խնդիրը քեզ դուրս է բերում պաշտպանական խրամատից և բարձրացնում նախաձեռնության բարձրություն։

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 202

Մեկնաբանություններ